Wednesday, December 14, 2016

Գրիգոր Նարեկացի

                              Կենսագրություն
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։
Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։
Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է թոնդրակյանների աղանդին պատկանելու կամ հարելու համար
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։
Ըստ ավանդության՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։


                                              

                             Մատյան ողբերգության

Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
Պոեմը գրաբարից աշխարհաբարի է վերածել Մկրտիչ Խերանյանը։ Հայ գրականության մեջ բազմաթիվ են աշխարհաբար թարգմանությունները։ Վազգեն Գևորգյանը թարգմանել է պոեմի ծաղկաքաղը։
Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն է, որ լայնորեն օգտագործել է բաղաձայնույթը (ալիտերացիա) ոտանավորի երաժշտության համար։
Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.

Նարեկացու պատկերը Վատիկանում
Aquote1.png
- Սպառնացար, և ոչ զաոհուրեցայ,
Արգահատեցեր՝ և ոչ երբեք լուայ, Որ է ապստամբութեան յայտնի նշանակ։
Aquote2.png

Կործանվելու սարսափներին հաճախ հաջորդում է փրկվելու հույսը՝ կապված մեղքերի խոստովանության հետ։ Պոեմի արտակարգ հուզիչ, դրամատիկ դրություններով հարուստ ընթացքն ավարտվում է լավատեսության հաղթանակով, Փրկության ե աստվածային էության հետ միանալու՝ աստվածանալու հավատով։
Ինչպես որոշ միստիկներ, այնպես էլ միստիկ Գրիգոր Նարեկացին ստեղծել է կատարելության ձգտող մարդու իդեալը՝ առաջ քաշելով կատարյալ էակի՝ աստծո պաշտամունքը։ Նա պանթեիստորեն առաջադրում և յուրովի լուծում է մարդ և աստված, բնություն և աստված հարաբերությունը։ Աստված ամենուրեք է և ամեն ինչում.
Aquote1.png
- Զի դու միայն ես երկնքում անճառ
և երկրում՝ անզնին, Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում, Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ՝
ամբողջ լրումով։
Aquote2.png

Պոեմի բովանդակության զարգացման ինքնատիպությունը, հույզերի, տրամադրությունների արտահայտումն ու պատկերումը պահանջում էին պոետիկական նորանոր հնարքներ ու միջոցներ։ Բանաստեղծը խորապես գիտակցել է իր ստեղծագործության էության առանձնահատկությունները և, դրանց համապատասխան, արտահայտչական ձևեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Թե՛ մարդկային կյանքի իրադրությունները, թե՛ բնության երևույթներն օգտագործված են բանաստեղծի կողմից իբրև համեմատություններ ու փոխաբերություններ՝ ապրումների ու հոգեվիճակների գեղարվեստական մարմնավորման համար։
Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, էպիտետները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ և գեղագիտական բարձր ճաշակի ու զգացողության արտահայտություն։
Ժամանակի գրական լեզուն՝ գրաբարը, ինչ հարստության որ հասել էր պատմիչների, եկեղեցական գրողների ու բանաստեղծների գործերում, չէր կարող Նարեկացու ստեղծագործական երևակայության անսահման թռիչքը, իրարամերժ խոհերի ու զգացմունքների բոլոր նրբերանգներն արտահայտել։ Նրանից առաջ բուն բանաստեղծության լեզուն շատ ավելի աղքատ ու միակերպ էր, քան մեր պատմիչների լեզուն։ Եկեղեցական դոգմաներին հետևելը խանգարում էր հոգևոր երգերի (շարականների) հեղինակներին լեզվական նորամուծություններ կատարել ե՝ այն աստիճան, որ նրանց լեզվական անհատականությունը գրեթե կորչում էր։ «Մատեան ողբերգութեան» պոեմի հավերժ մնայուն գեղարվեստական արժեքը, բովանդակության խորության ու մեծության հետ, պայմանավորված է նրա պոետիկական արվեստի անսահման հարստությամբ։ Նարեկացու բանաստեղծական արտահայտչական միջոցներն ու ձևերը անսպառ են, բազմազան ու գունագեղ, իսկ բառարանը՝ հայ գրականության մեջ ամենահարուստը։
Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց անգերազանցելի՝ բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության անկրկնելի արդյունքների հասնելու հարցում։ Մ. Մեծարենցը ճիշտ է նկատել, թե Նարեկացին «գիտեր ծովաձայն հնչեցնել բառերը»։
Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստին։ հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին, ութ-ձայնի դրությանը կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը։ Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ, շարականները) հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով։ «Մատեան ոդբերգութեան» պոեմի գեղարվեստական անընդգրկելի մեծության ամենացայտուն ապացույցներից է մեր գրականության վրա թողած նրա հսկայական ազդեցությունը։ Նրանից սովորել և ներշնչվել են ոչ միայն միջնադարի, այլն նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերը։
«Մատյան ողբերգության» պոեմը, ամբողջական կամ մասնակի, թարգմանվել է աշխարհի շուրջ 30 լեզուներով։

Գանձերը


Նարեկացու պատկերը Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին
Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը՝ գրված որոշակի տոնին երգվելու նպատակով։ Պահպանվել են շուրջ տաս գանձեր, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը։ Գանձերը սերում են ավանդական քարոզից և ունեն քարոզին բնորոշ ձևական հատկանիշներ։ Գանձերի առաջին կիրառողը եղել է Գրիգոր Նարեկացին։ Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով՝ դրանով ապահովելով հեղինակի անվան սկզբնադիրը և ամբողջության մեջ դուրս բերելով «Գրիգորի երգ» ծայրակապը։ Նարեկացու գանձերին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
  • գանձերի առաջին տներում ներբողվում է տվյալ տոնը կամ սրբի հիշատակը,
  • յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնակով կամ դարձով,
  • վերջին հատվածներում առկա են ննջեցյալներին ողորմության արժանացնելու և աղաչողին սեր և բարի գործեր պարգևելու մասին խնդրանքներ,
  • գանձերն ավարտվում են հին քարոզներից վերցված տողերով։


                                             Տաղերը

Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների։ Նարեկացին տաղերում արտահայտել է կրոնական տրամադրություններ և գաղափարներ՝ իրականությունից առնված պատկերներով։ Այս ձևով նա բանաստեղծությունից օտարել է ավանդական որոշակի ձևեր և պոեզիայի մեջ ներդրել սեփական ընկալումների շնորհիվ ինքնուրույն պատկերներ գործածելու սկզբունքը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։ Գեղեցկության իդեալը սովորաբար մարմնավորում է տիրամայրը։ Դրա ամենավառ արտահայտություններից է «Տաղ Վարդաւառի»-ն, որը հեղինակի լավագույն ստեղծագործություններից է։ Վարդի և շուշանի գունզգույն ծաղիկների պատկերներով հեղինակը նկարագրում է Քրիստոսի Պայծառակերպության ավետարանական դրվագը։ Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
«Տաղ Ծննդյան»-ում հեղինակը ներկայացնում է Աստվածածնին իր ողջ գեղեցկության մեջ՝ նկարագրելով անգամ Աստվածածնի հանդերձանքը։ Եթե մինչ այդ Աստվածածինը ներկայացվում էր շարականներում իբրև կանանց մեջ ամենագովելին և բարեխոս իր Որդու առջև, ապա Նարեկացու մոտ ավանդական այս մոտեցումը առաջինը լինելով փոխված է։ Նարեկացու արժեքավոր ստեղծագործություններից է նաև «Հարության տաղը»։ Այստեղ ներկայացվում է, թե ինչպես Մասիսի լանջով իջնում է սայլը, որը քաշող սայլապանը նման է Խորենացու նկարագրած Հայկ նահապետին։

Տեսանյութ

No comments:

Post a Comment