Friday, January 1, 2016

Ավետիք Իսահակյան






Կենսագրություն

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։  Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

  
Պատերազմից և Մեծ Եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922թթ. «Հիշատակարան» գրառումներով։ 
 
 1926 թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։  Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։



 
Ասույթներ

Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:
 Վ. ՏԵՐՅԱՆ

Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
 Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ

Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
 Ե. ՉԱՐԵՆՑ


 
Բանաստեղծություններ.

ՄԱՅՐԻԿԻՍ
Հայրենիքես հեռացել եմ, 
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:

Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...

No comments:

Post a Comment